ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված՝ կոնգրեսական Դևիդ Վալադաոյի՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցությունը կասեցնելու կոչին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին շտապ վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումով նախատեսված արգելքի չեղարկումը:

Կոնգրեսական Վալադոն նշել է․ «ԱՄՆ ոչ մի դոլար չպետք է ուղղվի նավթով հարուստ Ադրբեջանի զինմանը, որն էթնիկ զտում է իրականացրել Արցախում, շարունակում է պահել հայ ռազմագերիներին և հիմա էլ տարածք է օկուպացրել ՀՀ-ում։ Եթե Բայդենն ուժի մեջ չթողնի 907-րդ ուղղումը, ապա Կոնգրեսը պետք է օրենսդրորեն արգելի ռազմական կամ այլ աջակցությունն Ալիևի ռեժիմին»:

«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական կամ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»,- ասվում է կոնգրեսականների նամակում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Ադրբեջանին զենք մատակարարելու արգելքը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---