ՄԻԵԴ-ն Ադրբեջանի միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել միջպետական նոր գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:

Եվրոպական դատարանն Ադրբեջանի կողմից ներկայացված այս միջպետական գանգատը դիտարկել է որպես հունվարին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի բաղկացուցիչ մաս՝ կցելով դրան: Այսպիսով, ՄԻԵԴ-ը քննարկվող միջպետական գանգատը չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ, ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

Իր հերթին, ՀՀ կառավարությունը 2021թ․ մայիսի սկզբին Եվրոպական դատարան է ներկայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փետրվարի 1-ին ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի լրացումներ՝ հավելելով նախկինում ներկայացված պահանջները և կցելով նոր ապացույցներ:

Ինչ վերաբերում է միջանկյալ միջոց կիրառելու մասին ադրբեջանական կողմի պահանջին՝ այդ մասով Եվրոպական դատարանն Ադրբեջանի կառավարությանը հայտնել է, որ դեռևս մարտի 5-ին Եվրոպական դատարանի կողմից նույն հարցի առնչությամբ կայացվել է պահանջը մերժելու մասին որոշում՝ Դատարանի 39-րդ կանոնի, այսինքն միջանկյալ միջոցի շրջանակից դուրս լինելու պատճառաբանությամբ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ 2021 թվականի մարտի 5-ի որոշումը դեռ ուժի մեջ է և անհրաժեշտություն չկա նույն հարցի առնչությամբ նոր որոշում կայացնել:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---