ԱԱԾ-ն՝ պետդավաճանության մասին․ Կամավորների հրամանատարը Հադրութից կարևոր տեղեկություն է հայտնել Ադրբեջանին

ԱԱԾ-ն՝ պետդավաճանության մասին․ Կամավորների հրամանատարը Հադրութից կարևոր տեղեկություն է հայտնել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:

Ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել է Թուրքիա և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը։

Նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Երրորդ երկրի Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս ՀՀ գործելու վերաբերյալ, որից հետո ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ:

Հնարավորինս գաղտնի գործելու նպատակով, կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները և դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև ՀՀ և Արցախի ՀՕՊ համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված ՀՕՊ միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջնը շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային ԱԹՍ կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն:

Այսպիսով, կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, իրենց մոտ պահել և օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, մարտական գործողությունների վարման ընթացքում թշնամու համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ նպատակային և արդյունավետ խոցման համար, խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:

Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրյալների բնակարաններում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են նաև զորքերի համար նախատեսված հատուկ կապի միջոցներ, բջջային հեռախոսներ, ուսումնական զորավարժությունների ժամանակ կատարված տեսանկարահանումների վերաբերյալ տեսաերիզներ, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Պետական դավաճանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և, հաշվի առնելով դրա բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պետական դավաճանություն կատարած անձանց համար սահմանված են խիստ պատժատեսակներ և պատժաչափեր. այն է՝ 15-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ն դավաճանության դեպք է բացահայտել կամավորական ջոկատի հրամանատարի կողմից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---