Աջափնյակում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Աջափնյակում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ի երեկոյան Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում:

«Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու: Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը եւ զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 22-ին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել էր, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։

«Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել էր Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---