ԵՄ նախարարներ․ Ցանկանում ենք տարածաշրջանի կայունության հարցում ներդրում ունենալ![]() 26 հունիսի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում: Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Արմեն Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը։ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Զրուցակիցները գագաթնաժողովը կարևոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից: Մտքեր են փոխանակվել նաև հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Հույս է հայտնվել, որ ընտրությունները կնպաստեն երկրում լարվածության թուլացմանը և կայունությանը: Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո դրական պատասխան կտան Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |