ՄԻՊ․ Ադրբեջանցիները Խնածախում անչափահասից 3 եղջերավոր են գողացել, իսկ Տեղում՝ խոչընդտել ցորենի հավաքին 6 հուլիսի 2021 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի բերքահավաքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝ Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան: Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք: Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին: Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Հուլիսի 6-ին գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։ Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում: ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանցի զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: «Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը: Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի»,-ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել` 1 վիրավոր ունենք։ Այդ մասին ասել է ԶՈւ գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, տեղեկացրել է Արմենպրեսը։ «Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմն ունի 1 թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի 2 վիրավոր», - ասել է Ասատրյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |