«Փյունիկն» ու «Ուլիսը» ջախջախել են իրենց հակառակորդներին Հայաստանի գավաթի մրցախաղում

PanARMENIAN.Net - Այսօր կայացել են Հայաստանի գավաթի խաղարկության առաջին երկու քարորդ եզրափակիչ մրցախաղերը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ընդունել է «Կիլիկիային»: Մրցախաղն ընթացել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում: Մրցախաղում հաշիվը բացվել է երկրորդ խաղակեսին. 53-րդ րոպեին աչքի է ընկել «Փյունիկի» հարձակվող Գեւորգ Ղազարյանը:74-րդ րոպեին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ վերջնական հաշիվը ձեւավորվել է Հայաստանի 2008 թվականի լավագույն ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի շնորհիվ. 77-րդ րոպեին նա հաջողությամբ իրականացրել է 11 մետրանոց հարվածը: Վարդան Մինասյանի սաները գործնականում իրենց համար տեղ ապահովեցին կիսաեզրափակիչում:



«Կիլիկիայի» եւ «Փյունիկի» միջեւ պատասխան մրցախաղը տեղի կունենա Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որտեղ «Կիլիկիան» Հայաստանի Գավաթի խաղարկության եւ առաջնության շրջանակներում իր բոլոր մրցախաղերը կանցկացնի սեփական դաշտում:



Երկրորդ քարորդ եզրափակիչ մրցախաղում Երեւանի «Ուլիսն» ընդունել է Հայաստանի բրոնզե մրցանակակիր Կապանի «Գանձասարին»: Հաշիվը բացել է «Ուլիսը». 13-րդ րոպեին աչքի է ընկել Արա Հովհաննեսյանը, այնուհետեւ երեւանցիները պաշտպան Կարեն Ստեփանյանի ջանքերով կրկնապատկել են առավելությունը 36-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսին Արթուր Քոչարյանը 53-րդ րոպեին խփած գնդակների միջեւ տարբերությունը հասցրել է երեքի, այնուհետեւ 85-րդ րոպեին աչքի է ընկել Սեմյոն Մուրադյանը: Մրացավարի ավելացրած ժամանակում «Գանձասարը» կրճատել է հաշիվը: Կրկնակի գոլի հեղինակ է դարձել Կարեն Ստեփանյանը: Մրցախաղի վերջնական հաշիվը ձեւավորվել է 4:1 «Ուլիսի» օգտին: Այստեղ նույնպես կարելի է կիսաեզրափակիչում տեղ զբաղեցնելու հարցը լուծված համարել:



Մարտի 18-ին կանցկացվեն մնացած երկու քարորդ եզրափակիչ մրցախաղերը. «Բանանցը» կընդունի «Արարատին», իսկ «Միկան» կխաղա Գյումրիի «Շիրակի» հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---