Վահե Հակոբյան․ Պետք է կրճատել բյուջետային ծախսերը, իսկ վերցված վարկերն ուղղել բացառապես կապիտալ ծախսերին

Վահե Հակոբյան․ Պետք է կրճատել բյուջետային ծախսերը, իսկ վերցված վարկերն ուղղել բացառապես կապիտալ ծախսերին

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը, խորհրդարանում ներկայացնելով իր պատկերացումները տնտեսության զարգացման մասին, հայտարարել է, որ հարկավոր է առաջին հերթին կրճատել բյուջետային ծախսերը, իսկ պետության վերցրած վարկերն ուղղել բացառապես կապիտալ ծախսերին։

«Առաջիկա տարիների համար պետք է ակնկալել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ ուղղված պետական պարտքի կայունացմանը, քանի որ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը ՀՀ-ում անցել է 60%-նոց շեմը և մոտենում է 70%-ին»,- նշել է նա։

Հակոբյանը կարծիք է հայտնել, որ երկրին սպառնում է սոցիալական ճգնաժամ, քանի որ իշխանությունը որդեգրել է ընթացիկ ծախսերը հոգալու քաղաքականություն՝ ավելացնելով պետական պարտքը։

«Նման է այն իրավիճակին, երբ քաղաքացին գնում, վարկ է վերցնում, որ փակի մյուս վարկը, հետո երրորդն է վերցնում և ընկնում «պարտքի ծուղակի» մեջ։ Մենք հիմա կանգնած ենք այդ շեմին, «պարտքի ծուղակի» շեմին․․․ Այս իրավիճակում Հայաստանն ԱՄՀ-ի չափանիշներով կարող է հայտնվել ռիսկային գոտում»,-ասել է Հակոբյանը։

Նա հավելել է, որ անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն բիզնեսի համար։

«Պետությունն ամեն ինչ պետք է անի բիզնեսի համար, բիզնեսն իր հերթին ամեն ինչ անի պետության համար՝ միասին ստեղծեն արժեք, ինչը կնպաստի սոցիալական հարցերի լուծմանը», - ասել է Հակոբյանը։

Ըստ նրա, պետք է կրճատել բոլոր անարդյունավետ ծրագրերը և մեծացնել տնտեսական աճ ստեղծողները, ինչը թույլ կտա արագացնել տնտեսության վերականգնումը, նվազեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ անվանական ՀՆԱ-ի աճի հաշվին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---