ՀՀ ԱԳՆ-ն՝ ադրբեջանական ապատեղեկատվության մասին․ ՊԲ-ն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը![]() 12 օգոստոսի 2021 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն բացահայտ կեղծիք է որակել ադրբեջանական կողմի այն պնդումները, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հայկական զորամիավորումները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Նշվում է նաև, որ առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում և Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է: «Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերն ակտիվացրել են իրենց սադրիչ գործողությունները ինչպես ՀՀ զինված ուժերի, այնպես էլ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դեմ։ Թիրախավորվել են նաև Հայաստանի և Արցախի բնակավայրերը։ Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ Հարկ ենք համարում նշել, որ նոյեմբերի 10-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին։Նմանօրինակ վերջին միջադեպը տեղի է ունեցել այսօր Մխիթարաշեն և Շոշ գյուղերի մերձակայքում»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում։ «Հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության այս կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։ Մայիսի 12-ից սկսված ՀՀ դեմ այս ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել են տարածաշրջանային անվտանգությունը։ Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը և արձանագրված խախտումների հետևանքների վերացումը այդ թվում՝ հրադադարի անվերապահ պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը կարող են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 11-ին հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 10-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |