Ստեփանակերտում արտակարգ իրավիճակ է․ Հրշեջները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում

Ստեփանակերտում արտակարգ իրավիճակ է․ Հրշեջները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում երաշտի պատճառով ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը «Ջրմուղ կոյուղի» հետ համատեղ ստեղծել է աշխատանքային խումբ և 5 մեքենայով թաղամասերում շուրջօրյա ջուր է հասցնում բնակիչներին, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

«Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրեն Գագիկ Պողոսյանը նշել է, որ վերջին 40 օրը Ստեփանակերտում անձրևներ չեն տեղացել, իսկ օդի ջերմաստիճանը 30 աստիճանից չի իջել:

«Բացի դրանից, Ստեփանակերտ քաղաքում 10-15 հազար տեղահանված բնակիչ է ապրում: Այսինքն` եթե մինչև պատերազմը Ստեփանակերտում ապրում էր 60-61 հազար բնակիչ, այս պահին ապրում է 75 հազար մարդ: Բնականաբար, ջրի ծախսն ավելացել է, ու քաղաքը սնուցող ջրերն էլ պակասել են: Դրանից առաջեցել է այս քաոսային վիճակը: Այս պահի դրությամբ քաղաքի 30 տոկոսում ջուր չկա: Աշխատում ենք մնացած 70 տոկոսը պահենք, որ դա էլ չնվազի: Քաղաքում 5 մեքենաներով շուրջօրյա ջուր ենք բաժանում բնակիչներին այն թաղամասերում, որտեղ ջուր չկա: Արդեն շահագործել ենք Խորհրդային Միությունից մնացած երկու արտեզյան հորերը: Շարունակում ենք գտնել ու շահագործել մնացածը»,- ասել է Պողոսյանը:

Հարցին` թե արդյոք ճիշտ են այն վարկածները, որ Ադրբեջանը կարող է մասնակից լինել ջրի խնդրի առաջացմանը, Պողոսյանը բացասական է պատասխանել:

Արցախի ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանն իր հերթին նշել է, որ փրկարարները վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ջուր են բաժանում բնակիչներին:

«Հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են բաժանում բնակիչներին, հատկապես բազմաբնակարան շենքերի բնակիչներին»,- ասել է Թադևոսյանը:

Նրա խոսքով` իրավիճակն աննախադեպ է. նախկինում էլ եղել են ջրի հետ կապված խնդիր, սակայն նման երկար ժամանակով առաջին անգամ է:

«Փրկարարները շարունակելու են իրենց աշխատանքները մինչև խնդիրը լուծում չստանա», - եզրափակել է Թադևոսյանը:

Ստեփանակերտի բնակչությունը ջուր է ստանում Մեղրագետ, Հրագետ և Վարարակ գետերից: Գետերից երկուսում ջուրը նվազել է գրեթե կրկնակի, իսկ երրորդը ընդհանրապես ցամաքել է: Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշում էր կայացրել դադարեցնել Ստեփանակերտում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը՝ մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Ստեփանակերտում առկա խմելու ջրի մատակարարման խնդիրների թեմայով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---