Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծումը![]() 20 օգոստոսի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին ելույթում կարևորել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը։ «Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը: Գոհունակությամբ կցանկանայի նաև նշել, որ մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա։,-ասել է նա: Փաշինյանն անդրադարձել է նաև տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցին: «Կարծում ենք, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում և հետևողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ: Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը»,-ասել է նա: ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացմանը, ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև բնապահպանության և կլիմայի հարցերին: ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։ Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։ Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021-ի հոկտեմբերին, Երևանում: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |