Դատախազը միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը

Դատախազը միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել՝ միջնորդելով բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։

Վերաքննիչ դատարանում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Հովակիմյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճվել չի կարող, և քրեական հետապնդումը դադարեցվել նույնպես չի կարող։ ՍԴ որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են քրեական oրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին»,–ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Բաղդասարյանը, այսպիսով, միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու` Երևանի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը, և քրգործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Միաժամանակ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդել է վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, իսկ եթե դատարանը որոշի, որ այն ենթակա է կիրառման, ապա ընտրված գրավի չափը վերանայել և նվազեցնել։

Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարել է, որ քանի որ տուժողի ներկայացուցիչները հարգելի պատճառով բացակայում են նիստից, հետևաբար դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին։

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել 2020-ի հունիսի 18-ին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ 2021-ի ապրիլի 6-ին դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---