Հայրենիքն ու անկախությունը՝ պարզության մեջ, կամ ինչու է պաթոսը հեռացնում մեզ երկիրը սիրելուց

Հայրենիքն ու անկախությունը՝ պարզության մեջ, կամ ինչու է պաթոսը հեռացնում մեզ երկիրը սիրելուց

PanARMENIAN.Net - Առավոտից բազում ուղերձներ եմ կարդացել այսօրվա մասին թե՛ պաշտոնյաներից, թե՛ պարզապես ՖԲ օգտատերերից: Բոլոր տեքստերում՝ շնորհավորական թե սգող, խոսվում էր պետություն, անկախություն ու հայրենիք երևույթների մասին, խոսվում էր ճոխ ու բարդ, ամպագոռգոռ ու շռնդալից, երկար բառերով ու պաթոսով համեմված: Խոսվում էր մեր փառավոր կամ տրագիկ անցյալից ու մշուշոտ կամ պայծառ ապագայից... Լիքը խոսքեր, լիքը մտքեր, ցիտատներ Նժդեհից, արխիվային կադրեր, սրտաճմլիկ ճառեր, բայց արդյունքում, մեկ է, պարզ չէ՝ ինչ է պետությունը, ինչ է հայրենիքը, ինչ է անկախությունը: Այդ մասին այնպես է խոսվում, կարծես բոլորս էլ պետք է իմանանք, էլի, թե ինչ են այդ եզրույթները:

Իսկ գուցե խնդիրը հենց դրանում է, որ տասնամյակներ շարունակ մեզ ոչ ոք պարզ ու հասանելի բառերով չի բացատրել՝ ինչ են վերը նշվածները, գուցե համարելով, որ պարզությունը պրիմիտիվացում է, և փոխարենը «արևաճաճանչափայլ» բառեր օգտագործելով՝ մենք հեռացել ենք այդ եզրույթներից՝ պահպանելով միայն ֆորմալ մասը՝ դրոշ, տոն, ճառեր, եռագույնով պրոֆիլի նկարներ, և այլն: Գուցե դժվա՞ր է ապրել, ստեղծագործել, արարել, սիրել և, ի վերջո, զոհվել ինչ-որ բարդ ու անհասկանալի երևույթների համար, որոնք հոգեհարազատ չեն քեզ, և ավելի ճիշտ կլիներ բացատրել դրանք պարզ բառերով: Գուցե այն, ինչին մենք սովոր ենք ձոնել վեհ տեքստեր ու կենացներ, իրականում շատ առօրեական ու հողեղեն է:

Գուցե պետությունը լուռ իրենց գործն անող մարդի՞կ են, հարկեր վճարող ընկերությունները, իրենց հարկերի համար տեր կանգնող անհատները, փողոցի մեջտեղում շարքից դուրս եկած մեքենայի անվադողը փոխելու հարցում օգնելուն պատրաստ ոստիկանը, սիրալիր սպասարկող անձնագրայինի աշխատակիցը, հիվանդի կյանքի համար մինչև վերջ պայքարող բժիշկը...

Գուցե անկախությունը վաղվա օրվա նկատմամբ վստահության մե՞ջ է, որոշումներ կայացնելու ազատության, ընտրության հնարավորության, սահմանին կանգնած զինվորի՝ տաք բուշլաթ ու քնապարկ ունենալու, ստարտափեր հիմնելու, ապագա ծրագրելու, մտածելու, որ դեռ չծնվածդ երեխաներին հաստատ քո ավարտած համալսարան ես ուղարկելու՝ դարձնելով դա ընտանեկան ավանդույթ...

Գուցե հայրենիքը փողոցում բիչոկը գետնին չգցե՞լն է, առավոտյան սուրճի շուրջ հարևանի հետ մի քանի բառ փոխանակելը, ընկերներիդ բարօրությունը, սահմանամերձ սար բարձրանալու բերկրանքը, երկար ճանապարհի մեջտեղում տեղադրված հարմար ու կոկիկ զուգարանը, քաղաքի խնամված ծառերը, անտունների համար կացարաններն ու վստահությունը, որ ձմռանը ոչ ոք ցրտից չի մահանա, հեռավոր գյուղում անծանոթ հովվի կողմից հյուրասիրած ամենահամեղ կաթը...

Գուցե այս պարզ բաները, որոնց հետ մենք ամեն օր առնչվում ենք կամ կուզենք առնչվել, ավելի լավ ու բոլոր շրջանակների համար ավելի հասկանալի մոտիվացիա կարող են հանդիսանալ՝ կառուցելու կամ պահելու պետությունը, անկախությունն ու հայրենիքը: Ու, հավանաբար, վերջին 30 տարում մեզ պետք է մարդկային լեզվով բացատրեին՝ ինչ մենք ունենք և ուր ենք գնում, որովհետև անիմաստ ու գրեթե անհնար է կառուցել ճանապարհ, եթե չգիտես՝ որտեղ է վերջնակետդ, իսկ ամենակարևորը՝ որն է նպատակդ:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---