Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին․ Բաքուն շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու պահման վայրերը

Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին․ Բաքուն շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու պահման վայրերը

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը։

Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը՝ խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները:

Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում գերիների խնդրին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---