Միրզոյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ներթափանցմամբ ստեղծված իրավիճակը

Միրզոյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ներթափանցմամբ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն քննարկել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել Միրզոյանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Երկուստեք կարևորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---