ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Մարտակերտի բնակչի սպանության դեպքով քննության հարցում

ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Մարտակերտի բնակչի սպանության դեպքով քննության հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը, անդրադառնալով հոկտեմբերի 9-ին ադրբեջանցի դիպուկահարի կողմից Մարատակերտի բնակչի սպանությանը, հայտարարել է, որ հետևողական է լինելու ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ այս և նմանատիպ այլ դեպքերով օբյեկտիվ ու արդյունավետ քննության հարցում։

Նշվում է նաև, որ այս դեպքը 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված >հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է:

Նշվում է, որ հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ փոխանակելու մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի կոպտագույն խախմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։

Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով, ինչի անհրաԺեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է բազմիցս։

Նշվում է, որ նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը՝ 1966թ․ ծնված Արամ Տեփնանցը, սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով /սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/։ Իրականացվում է նախաքննություն:

Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։

Ռուսական զորակազմի հրամանատարությունը հետաքննում է միջադեպը՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---