ԱԳՆ․ Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ![]() 23 հոկտեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, մեկնաբանելով նոյեմբերին Մոսկվայում կայանալիք հնարավոր եռակողմ հանդիպման մասին լուրերը, հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Նա հավելել է, որ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: «Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում»,-ասվում է հայտարարության մեջ: Հունանյանն ասել է, որ իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտար «ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով նույն հարցին, հայտարարել էր, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում Կրեմլը ժամանակին կհայտնի։ ՌԻԱ Նովոստի պետական գործակալության տելեգրամ-ալիքը, իր աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ նոյեմբերի սկզբին Մոսկվայում կարող է կայանալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին ակնկալվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում։Ավելի վաղ նմանատիպ տեղեկություն հայտնել էր Аliqmedia-ն՝ դիվանագիտական վստահելի աղբյուրների վրա հղումով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |