Սասուն Միքայելյան․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր![]() 27 հոկտեմբերի 2021 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Եռաբլուրում անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, ասել է, որ 22 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության հիմքում Արցախի հարցն էր և այդ ահաբեկչությունը կոտրեց Հայաստանի ողնաշարը։ Միքայելյանը, ԵԿՄ անդամների ուղեկցությամբ, այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն` սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։ «Եթե Վազգենը լիներ, նման բան չէր լինի»,- ասել է Միքայելյանը՝ անդրադառնալով ներկայիս իրավիճակին և տարածքային կորուստներին, գրում է «Առավոտը»։ Նա հավելել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը պետությունը քանդեց հիմքից ու եթե այն չլիներ, այսօր բոլորովին այլ պետություն կունենայինք՝ հզոր բանակով: Նա վստահություն է հայտնել, որ ահաբեկչության պատվիրատուները վաղ թե ուշ կբացահայտվեն, իսկ դա կլինի այս իշխանության օրոք, գործող իշխանությունը կարո՞ղ է դա անել, ըստ Սասուն Միքայելյանի՝ հետո կերևա։ «Բոլոր իշխանություններն էլ պիտի անպայման այդ ուղղությամբ մտածեն, եթե չբացահայտվի՝ շարունակական բաներ տեղի կունենան հետագայում»,-ասել է նա: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահն է, 2018-ին հայտարարել էր, որ իր կարծիքով՝ ամեն ինչ բացահայտված է, քրեական գործում ամենը կա՝ Միքայելյանն ասել է , որ «ժամանակի մեջ լինում է ամեն ինչ էլ»։ «Եթե Ջհանգիրյանը դա ասել է՝ այսօր ժամանակ է փոխվել: Եկեք չշտապենք, այսօր իշխանություն է փոխվել: Դուք բոլորդ քաջատեղյակ եք, որ հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ նախկին իշխանությունների օրոք և դա մտորելու տեղիք է տալիս»,- ասել է Սասուն Միքայելյանը: Նա հավաստիացրել է, որ ԵԿՄ-ն պահանջատեր է մնալու, որպեսզի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որը մեր ազգի խարանն էր, բացահայտվի: 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր։ Զինված խումբն ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |