Հրվ․ Կովկասում ԱՄՆ դեսպանները հավաքվել էին Երևանում

Հրվ․ Կովկասում ԱՄՆ դեսպանները հավաքվել էին Երևանում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը Երևանում մասնակցել են հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին, որը տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Համաժողովին մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«2020-ին նոր կորոնավիրուսի պատճառով համաժողովը չկարողացանք անցկացնել, սակայն ուրախ ենք վերականգնել տարածաշրջանի և մայրաքաղաք Վաշինգտոնի մեր գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու այս վաղեմի ավանդույթը։ Նախքան նոր կորոնավիրուսի համավարակը այսօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում՝ համապատասխանաբար 2019 և 2018թթ․։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,-ասվում է Երևանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Համաժողովի մասնակիցները, ներքին քննարկումներից զատ, հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---