«Գիտուժ». Օրենսդրական փոփոխությունները կարող են լրջորեն վնասել գիտական արդյունքի աճին

«Գիտուժ». Օրենսդրական փոփոխությունները կարող են լրջորեն վնասել գիտական արդյունքի աճին

PanARMENIAN.Net - «Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, հայտարարել է, որ դրանում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Նշվում է, որ նախագծում շեշտը դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա և գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի։

Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» համակարգում:

Նշվում է, որ մասնավորապես՝

1. Նախագծում բացակայում է այն կետը, որը 2001-ից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու: «Գիտուժ»-ի պահանջներից մեկը մնում է՝ օրենքով ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները, աստիճանաբար աճեցնելով, 2024-ին պետք է հասցնել բյուջեի առնվազն 4%-ին։

2. Նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ ԳԱԱ կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։

Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպությունների առանձնացումը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. 4-ին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, 3-ին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։

«Շատ մտահոգիչ և անհասկանալի է նաև այն փաստը, որ վերջին 7 տարիների ընթացքում չեն անցկացվել Ակադեմիայի անդամների ընտրություններ։

Հունիսին ընտրված ՀՀ ԳԱԱ նախագահը և ակադեմիկոս-քարտուղարը, լինելով ՀՀ ամենաարդյունավետ գիտնականների շարքում, արդեն նախաձեռնել են ողջունելի բարեփոխումներ։ Այս օրենքի նախագծով գիտության բնագավառում նախատեսված փոփոխությունները խանգարելու են Ակադեմիայի նորընտիր նախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի նախաձեռնած բարեփոխումներին և երկարաժամկետ կտրվածքում վտանգի տակ են դնելու Ակադեմիայի կազմում գտնվող 30 կազմակերպությունների ամբողջականության ապահովումը և, անգամ, հետագա գոյությունը։

․․․Հաշվի առնելով առկա վտանգները՝ կարծում ենք, որ Ակադեմիայի համակարգը պետք է պահպանել և նոր ղեկավարությանը հնարավորություն տալ, պետական լիազոր մարմնի հետ համագործակցելով, իրականացնել բարեփոխումներ: Մասնավորապես, Ակադեմիայում պետք է տեղի ունենան ամենախիստ գիտական չափանիշներին համապատասխանող նոր ընտրություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ԳԱԱ-ն պետք է դառնա գիտական մտքի զարգացման ու գիտական գերազանցության կենտրոնների համակարգման, պետական ու հանրային կառույցներին խորհրդատվության և գիտության հանրայնացման արդյունավետ ու հզոր գործիք: Այս նպատակին հասնելու համար պետք է պայքարել այս երեսուն տարիների ընթացքում արմատավորված տարբեր տեսակի արատավոր երևույթների տարածման դեմ։

«Մենք ուշադրությամբ հետևելու ենք Ակադեմիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին և հարկ եղած պահին արձագանքելու ենք՝ օբյեկտիվ գնահատական տալով երևույթներին»,-ասվում է հայտարարության մեջ։

«Գիտուժը» պատրաստակամ է աջակցել օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման աշխատանքներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---