Ղրղզստանի վարչապետը՝ Փաշինյանին․ Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը չնչին է

Ղրղզստանի վարչապետը՝ Փաշինյանին․ Ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը չնչին է

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովը, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է:

«Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և ընդհանուր կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ երկրները մասնակցում են ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:

«Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»,-ասել է Փաշինյանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---