Հրապարակվել է «Հետեւելով արեւին» երեխաների հնարած հեքիաթների ժողովածուն

PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր անկյունների երեխաները ստեղծել են հեքիաթների մի գիրք, որի մեջ մտել են բնապահպանական թեմային առնչվող հեքիաթներ: «Հետեւելով արեւին» գիրքը, որի մեջ մտել են հենց երեխաների հնարած ու պատկերազարդած11 հեքիաթներ, ներկայացվեց մարտի 27-ին Խնկո Ապոր անվ. մանկական գրադարանում: Ժողովածուն պատրաստվել է Հայաստանում Վայրի բնության եւ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի (FPWC) կողմից «Վիվասելլ-ՄՏՍ» աջակցությամբ:



«Մեծ մարդիկ իրենց խնդիրների պատճառով անտարբեր են դառնում վայրի բնության հանդեպ: Մինչդեռ երեխաներն ավելի զգայուն են բնապահպանության հարցերում, եւ մենք պետք է գործադրենք բոլոր ջանքերը նրանց աջակցելու համար: Այս տարի մեր ընկերությունը պատրաստվում է մի շարք անակնկալներ մատուցել Հայաստանի մանուկներին»,- ասել է «Վիվասելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանը:



Բացի գրքից, «Հետեւելով արեւին» ժողովածուն լույս է տեսել աուդիո-գրքի տեսքով, որը դարձյալ երեխաներն են ձայնավորել: Աուդիո-գրքերը կփոխանցվեն մանկական կենտրոններին, հատկապես, վատ տեսողությամբ երեխաներին:



Ծրագրվում է «Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուի հրատարակումը ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով: «Գրքի գերմաներեն թարգմանությունը Գերմանիայի երեխաներին թույլ կտա ծանոթանալ հայ հասակակիցների ստեղծագործության հետ, ինչպես նաեւ լավ նյութ կլինի հայ մանուկներին գերմաներեն սովորեցնելու համաիր»,- ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը:



Շնորհանդեսի շրջանակներում տեղի ունեցավ «Հետեւելով արեւին» ժողովածուի 3 հեքիաթների թատերականացված ներկայացումը եւ Հայաստանի վայրի բնությանը նվիրված մանկական կայքի շնորհանդեսը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---