«Հայաստան» և «Պատիվ ունեմ». ՔՊ-ն փորձում է զավթել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ». ՔՊ-ն փորձում է զավթել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունյունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կոպտորեն խախտելով ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջները, «անթաքույց իրականացնում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զավթելու փորձ» և որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից։

Նշվում է, որ նույնիսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի նման կարգավիճակի պայմաններում քաղաքական իշխանությունը ցույց է տալիս իր հակաժովրդավարական, հակօրինական և անհանդուրժող էությունը:

Նշվում է նաև, որ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները՝ հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ, հայտարարեցին, թե իբր նույն հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցել է ՔՊ-ին, սակայն իրենք «մեծահոգաբար» սպասում են ընդդիմության կողմից իրենց հետ խորհրդակցության միջոցով ընդունելի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը:

«Հատուկ ի գիտություն Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տեղեկացնում ենք, որ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն.

1. Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը:

2. Թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: 3. Հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասու խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ:

4. Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովի կազմը հաստատվելուց, ինչպես նաև նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու խմբակցության իրավունքն անցնում է իշխող ուժին, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում հանձնաժողովի տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ, ինչպես նաև վկայակոչված հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան, «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո իր որոշմամբ առաջադրել է թեկնածու և չի հրաժարվել այդ իրավունքից:

«ԱԺ կանոնակարգ» Սահմանադրական օրենքով «Հայաստան» խմբակցությունը չունի իր առաջադրումը (Ա. Ղազինյանի թեկնածությունը) շարունակաբար գրավոր վերահաստատելու որևէ պարտավորություն: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 30-ին ԱԺ հետ համատեղ ընդունած հայտարարությամբ վերահաստատել են այդ պաշտոնում առաջադրված Ա. Ղազինյանի թեկնածությունը պաշտպանելու իրենց անփոփոխ որոշումը»,-ասվում է Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածության հարցում «Հայաստան» խմբակցությունը կոնսենսուսի չգա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, ապա հաջորդ արտահերթ նիստում ՔՊ խմբակցությունը իր թեկնածուին կառաջադրի։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ամեն անգամ դեմ էին քվեարկել:

 Ուշագրավ
---