ԱԽ քարտուղար. Միջանցքի հարցը կարմիր գիծ է՝ բոլորն են տեղյակ![]() 17 հունվարի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակում ասել է, որ միջանցքի հարցը հայկական կողմի համար կարմիր գիծ է և դրա մասին տեղյակ են բոլորը: Նա հավելել է՝ բոլորը հստակ գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել։ «Ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է», - նշել է ԱԽ քարտուղարը` անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում: Հարցին, թե ինչու Հայաստանը հենց Մոսկվայից խնդրեց սկսել բանակցությունների մեկնարկը, և արդյոք բոլոր հանդիպումները Ռուսաստանում են լինելու՝ Գրիգորյանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն էր: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ երեք կողմն էլ համաձայնություն է տվել, որ հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում: «Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք: Եվ կարծում եմ, որ եթե երկկողմ հարաբերությունների կարգավորման դրական դինամիկա լինի, ապա շփումներն էլ ավելի կշատանան, և մենք կկարողանանք գտնել այն ճանապարհը և այն ձևը` հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է նա։ Անդրադառնալով դիտարկմանը, թե երկու կողմից էլ հայտարարություններ են հնչել, որ բանակցություններում նախապայմաններ չեն լինի, թեև Թուրքիան, ասելով, թե նախապայման չի առաջադրելու, ավելացնում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, բացի այդ խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Գրիգորյանը մեկ անգամ ևս ասել է, որ միջանցքային տրամաբանության մեջ Հայաստանը որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: «Բազմիցս խոսել ենք, որ միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, և սրա մասին տեղյակ են բոլորը` տեղյակ է և՛ Ադրբեջանը, և՛ բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են Հայաստանի հետ: Մենք այս հարցը, կարելի է ասել, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, և հստակ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, և այստեղ նախապայմաններ, ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է»,-ասել է ԱԽ քարտուղարը։ Ըստ նրա, մոտեցումն այն է, որ պետք է հարաբերություններ սկսել, միմյանց մոտեցումները հասկանալ։ «Որովհետև տեսեք` շատ հաճախ են մեր ընդդիմադիրները կամ այլ քաղաքական գործիչներ հայտարարում, որ Թուրքիան ինչ-որ բան է հայտարարել: Որպեսզի այդ հայտարարությունների ավելի խորքային կոնտեքստը հասկանանք, մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է սեղանի շուրջ նստենք Թուրքիայի հետ և հասկանանք, թե նրանք ինչ մոտեցումներ ունեն, քննարկենք, նաև մեր մոտեցումները ներկայացնենք և փորձենք հարաբերությունները կարգավորել: Մենք կարծում ենք, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել, և եթե մենք օգտագործենք ստեղծված այս պատուհանը, ապա երկարաժամկետ հնարավոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,-ասել է նա: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով հանդիպմանը, հայտարարել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |