Պեկրեսը «շոկային է» անվանել Ալիևի խոսքերն ու անգործության մեջ մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին

Պեկրեսը «շոկային է» անվանել Ալիևի խոսքերն ու անգործության մեջ մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետական կուսակցությունից նախագահության թեկնածու Վալերի Պեկրեսը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին Արցախ կատարած իր այցին, անգործության մեջ է մեղադրել Ֆրանսիայի իշխանություններին։ Այդ մասին նա ասել է Europe 1 ռադիոկայանի եթերում։

Պեկրեսը նաև շոկային է անվանել Ալիևի հայտարարությունը և ասել․ «Ֆրանսիայի կառավարության լռությունը, որը չի պաշտպանում նախագահության թեկնածուին, սկանդալային է»։

Ալիևը, «դատապարտելով» Ֆրանսիայի նախագահության թեկնածու Պեկրեսի այցն Արցախ, հայտարարել էր․ «Եթե իմանայինք, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք նրան թույլ չէինք տա հետ գնալ»։

«Ես Հայաստան էի այցելել, քանի որ արևելյան քրիստոնյաների մասին հարցը մեր պարտավորությունների հիմքում է ընկած։ Ես նախագահության թեկնածու եմ։ Եվ ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ, ինչպես ինձնից առաջ բազմաթիվ ֆրանսիացիներ․․․ Այդ տարածաշրջանը վիճարկվում է ՀՀ և Ադրբեջանի միջև։ Ես այցելեցի, որ տեսնեմ, թե ինչ է այնտեղ կատարվում»,- ասել է նա։

Ավելի վաղ Պեկրեսը հայտարարել էր, որ մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ, որը նա սպառնալիք է համարում։

Ալիևը նաև ասել էր, թե Պեկրեսի այցն Արցախ «սադրիչ էր և ուղղված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ, իսկ նպատակն՝ ընտրություններում հայերի ձայները ստանալն է»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---