Մինասյան․ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

Մինասյան․ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցությունը քննարկում է նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Մասնավորապես, հետաքրքրվել էին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունն ունի արդեն նախագահի թեկնածուի տարբերակներ, որոնց պատրաստվում են առաջադրել, և արդյոք կմիանան «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ միասնական թեկնածու առաջադրելով և արդյոք կտապալեն նախագահի ընտրության առաջին փուլը, թե ոչ։

Մինասյանը նշել է, որ ներկայումս քննարկման փուլում են, կտեղեկացնեն իրենց որոշման մասին, գրում է «Փաստինֆոն»։

«Մի քանի չափանիշներ նկատի առնելով, մասնավորապես՝ Սահմանադրությամբ ամրագրված չափորոշիչները, նախագահի թեկնածության և առաջադրման մասով հետագայում կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Առաջիկայում ավելի կոնկրետ կասենք»,-նշել է Մինասյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ՝ Մինասյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր իշխանությանը և ակնհայտ էր, որ այդ խոսքում չկար այն հիմնական միտքը, նպատակադրումը, որն անհրաժեշտ է ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։

«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել։ Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»,-նշել է նա։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ անդամ՝ Աննա Գրիգորյանն էլ արձանագրել է, որ բավականին վտանգավոր է այն հայտարարությունը, որ պետք է բոլոր ինստիտուտների միջև՝ նկատի ունենալով արդեն օրենսդիր, գործադիր, նախագահական ինստիտուտների միջև ներդաշնակեցում տեղի ունենա։

«Նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը որպես Հանրապետության նախագահ տեսնում է մի մարդու, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի հետ կապված։ Այսինքն՝ մարդ, որ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի հերթական նոր խնդիրների համար, այսինքն՝ լուռ և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,- ասել է Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունվարի 24-ի առցանց ասուլիսում անդրադառնալով նախագահի նոր թեկնածուի հարցին, ասել է, որ այն դեռևս չի քննարկվել, սակայն, իր կարծիքով, նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է քաղաքական ներդաշնակություն լինի։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---