Քերոբյան․ Ռեստորանային ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե՝ 70%

Քերոբյան․ Ռեստորանային ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե՝ 70%

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով սահմանափակումների վերաբերյալ տնտեսվարողների մտահոգություններին, ասել է, որ մի քանի օրվա տվյալները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե՝ 70%-ով, ինչպես ասում են:

Նա հավելել է, որ կան ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները, կան ընկերություններ, որոնց դեպքում շատ է անկումը, գրում է «Առավոտը»։

«Հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասել է Քերոբյանը։

Ըստ նրա՝ խոսքը նաև այն դեպքերի մասին է, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել և պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան։ «Դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորանների շրջանառությունը»,-ասել է նա:

Նրա խոսքով, ճիշտ է՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա ոչ միայն տնտեսությունն է վնասներ կրելու, այլ մարդկանց առողջությունն ու կյանքն է վտանգի տակ դնելու: Ըստ նախարարի, այդ պատճառով փորձում են որոշումները հավասարակշռված կայացնել:

Հունվարի 22-ից ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն են հայտնել, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---