ԱԳՆ-ն՝ Բայրամովի «տարօրինակ պատասխանի» մասին․ Ադրբեջանը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է մեր առաջարկները![]() 4 փետրվարի 2022 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունների մասին հարցին, նշել է, որ Ադրբեջանը որևէ բովանդակային արձագանք չի տվել հայկական կողմի առաջարկներին, բայց մերժել է դրանք։ Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու: «Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»,-ասվում է մեկնաբանության մեջ: Նշվում է, որ ՀՀ-ն, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել: «Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»,-նշել է Հունանյանը: Անդրադառնալով Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Հունանյանը նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններն առնվազն տարօրինակ են և հուսով է, որ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում։ «Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ ՀՀ-ն վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է»,-ասվում է մեկնաբանության մեջ: Հունանյանը նշել է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին, որոնց վերաբերյալ մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»,-նշել է Հունանյանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշել է՝ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել: Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |