ՄԻՊ․ Բաքուն ամեն ինչ անում է` փոխելու hայկական եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը![]() 7 փետրվարի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՀ եկեղեցիներից հայատառ գրությունները ջնջելու Բաքվի հայտարարությանը, նշել է, որ Ադրբեջանում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար հայկական եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Նա հավելել է, որ ադրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով հայերին մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ: Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև»,-ասվում է գրառման մեջ: «Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ»,-գրել է նա: Թաթոյանը հավելել է, որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար: Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Կարիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»: Որպես հիմնավորում ադրբեջանցիները պնդում են, թե իրականում այդ եկեղեցիները ոչ թե հայկական են, «այլ Կովկասյան Աղվանքի ժառանգությունն են»։ Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |