ԱԻՆ պաշտոնյա․ 2022-ի երկրաշարժը 1988-ից հետո ամենաուժգինն էր

ԱԻՆ պաշտոնյա․ 2022-ի երկրաշարժը 1988-ից հետո ամենաուժգինն էր

PanARMENIAN.Net - 2022-ի փետրվարի 13-ին գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

«1991-ին Գավառի մոտ տեղի ունեցավ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ երեկ տեղի ունեցածն իր ուժգնությամբ երկրորդն էր Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Սակայն սա սովորական երկրաշարժ էր»,- ասել է Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` երեկվա երկրաշարժն իրոք սովորական էր, սակայն քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։

Մարգարյանը հիշեցրել է, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պես էր։ Նա նշել է, որ աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում։ Մարգարյանը հավելել է, որ, չնայած 5.2 մագնիտուդն այնքան էլ քիչ չէ, սակայն մեծ հետևանքներ չկան` ամեն ինչ այդքան վատ չէ։

Մարգարյանը նաև հայտնել է, որ եղել է 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը` 3 մագնիտուդով։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են եղել վթարային շենքերում։

Փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան` Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---