Կորդոբա նահանգի խորհրդարանում բացվել է Ստեփան Նորայր Շահինյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ս. թ. մարտի 30-ին Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահում բացվել է բրազիլահայ տաղանդավոր ճարտարապետ ու լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահինյանի «ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Կորդոբայի խորհրդարանի փոխնախագահ Ֆրանսիսկո Ֆորտունան: Ներկաների թվում էին նահանգային խորհրդարանի անդամներ, կորդոբահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ:



Միջոցառմանը նախորդել է Հայաստանի դեսպանի եւ Կորդոբայի խորհրդարանի փոխխոսնակի միջեւ կայացած գործնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Կորդոբա նահանգի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում արգենտինյան այդ նահանգի, ուր բնակվում են մոտ 8 հազար հայեր, եւ հայաստանյան մարզերից մեկի միջեւ եղբայրական կապեր հաստատել:



Ցուցահանդեսների շարքը նախաձեռնվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի վարչության կողմից` «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ եւ հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության կողմից:



Հայաստանի մասին պատմող լուսանկարների առաջին ցուցադրությունը կայացել է 2009թ. սկզբին Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի Սարգիս Բենկլյան սրահում: Կորդոբայում մեկշաբաթյա ցուցադրումից հետո, «ԷքսպոԱրմենիա»-ն կներկայացվի Մար դել Պլատայում, Նեուկենում, Ռիո Նեգրոյում, Չիպոլետտիում, Միսիոնեսում եւ այլ հայաբնակ բնակավայրերում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---