Փաշինյան․ Արցախում որոշակի լարում կա, գնահատականներ չտանք՝ փորձելու ենք կենտրոնանալ խնդիրների լուծման վրա

Փաշինյան․ Արցախում որոշակի լարում կա, գնահատականներ չտանք՝ փորձելու ենք կենտրոնանալ խնդիրների լուծման վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ իրավիճակի որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ փորձելու են կենտրոնանալ խնդիրների լուծման ուղղությամբ։

Նա ասել է, որ ՀՀ իշխանությունները, Արցախի գործընկերների ու միջազգային կառույցների հետ համատեղ, աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---