Նախագիծ․ Մարտերում հաշմանդամություն ստացած զինծառայողներն անվճար կրթության իրավունք կստանան

Նախագիծ․ Մարտերում հաշմանդամություն ստացած զինծառայողներն անվճար կրթության իրավունք կստանան

PanARMENIAN.Net - Զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին նախատեսվում է անվճար ուսանելու իրավունք տալ։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Սակայն վերապահում է արվել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն կվերախմբագրվի:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության և ուսումնառության իրավունք տալ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Կառավարությունը վերապահումներ ունի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին անվճար կրթություն ստանալու հնարավորության տրամադրման առաջարկի վերաբերյալ և հորդորում է գործող օրենքի այդ դրույթը թողնել անփոփոխ` տեղեկացնելով, որ գործող օրենքով վերոնշյալ անձանց պետությունն ընձեռել է մասնագիտական վերապատրաստման հնարավորություն:

Հիմնական զեկուցող Տիգրան Աբրահամյանն առաջարկել է օրենքի ուժի մեջ մտնելու համար ամրագրել 2023թ. հունվար ամիսը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---