Բադասյան. ՌԴ դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ՀՀ տնտեսության վրա

Բադասյան. ՌԴ դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ՀՀ տնտեսության վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները բացասական ազդեցություն են թողնելու նաև Հայաստանի տնտեսության վրա։ Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ ՀՀ հիմնական առևտուրը կապված է ՌԴ-ի, նաև Ուկրաինայի հետ։

«Կարծում եմ նաև` տարադրամի կուրսի տատանումների հետ կապված որոշակի փոփոխություններ կկրեն նաև արտահանումները` դեպի նվազում, քանի որ հունվար–փետրվարին մենք բավական լավ տեմպ ունեինք»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է ներկրվող ապրանքներին, Բադասյանը կարծիք է հայտնել, որ այս հարցում Հայաստանը որևէ խնդիր չի ունենա անգամ որոշ պարենային ապրանքների նկատմամբ ՌԴ–ի սահմանած արտահանման արգելքների պարագայում։ Նա հավելել է, որ խնդիրն այժմ քննարկվում է ԵԱՏՄ մակարդակում։ Դրանց արդյունքից կախված` նա չի բացառել, որ հնարավոր է ներկրման ծավալների քվոտավորման ու նույնիսկ երրորդ երկրներից ներկրման մաքսատուրքերի վերանայում արվի տարբեր պարենային ապրանքների համար։

«Մաքսատուրքերի բոլոր առաջարկները հիմա ԵԱՏՄ ֆորմատով քննարկվում են առաջացած հետևանքներին հակազդելու տեսանկյունից։ Հենց որոշումներ լինեն` բնականաբար կհրապարակենք»,– ասել է Բադասյանը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Ընթերցեք նաև․ Բադասյան․ Պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր Հայաստանը չի ունենա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---