Ծրագրավորման ICPC մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի նաև Երևանում![]() 9 ապրիլի 2022 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի 2022 թ. ապրիլի 13-ին միաժամանակ 5 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և CodeSignal ընկերությունը, հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։ Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Կորոտկևիչը աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է։ Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող։ ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ Ապրիլի 12-ին անցկացվելու է փորձնական փուլը, իսկ հիմնական մրցույթը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-16:00: «Իրենք տպելու և բաժանելու են խնդիրներ, ապա հետևելու են մրցույթի ընթացքին», - ասել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը։ «Օլիմպիական ծրագրավորման շարժման հիմնական աջակցողը Հայաստանում արդեն երկար տարիներ CodeSignal ընկերությունն է։ Մեր աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ CodeSignal-ի հիմնադիրներ Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը ևս ժամանակին ակտիվորեն ներգրավվել են օլիմպիական շարժմանը՝ մասնակցելով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադաների, որոնց թվում է ICPC-ն», - նշել է CodeSignal ընկերության ինժեներական տնօրեն, Հայաստանի գրասենյակի ղեկավար Էդուարդ Փիլիպոսյանը։ Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից մասնակցելու է 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր ՀԱՀ-ից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև ՌԴ, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։ Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչը տեղի է ունենալու 2023 թվականին Եգիպտոսում։ ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Այսպիսով՝ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթներից է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |