CodeSignal-ը ՀՀ-ում անցկացվող ICPC ծրագրավորման միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է![]() 11 ապրիլի 2022 - 12:50 AMT PanARMENIAN.Net - CodeSignal-ը Հայաստանում անցկացվող ICPC ծրագրավորման միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է: Մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը կանցկացվի ապրիլի 13-ին՝ միաժամանակ 5 քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի, Մինսկ և Երևան։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներից է նաև ԵՊՀ-ն։ Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։ Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակրին ընտրելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։ Վերջինս տեղի է ունենալու 2023-ին՝ Եգիպտոսում։ Մրցույթն անցկացնելու են Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Կորոտկևիչն աշխարհի ամենատիտղոսակիր օլիմպիականն է։ Նա դպրոցական միջազգային օլիմպիադայի (IOI) ռեկորդակիր է (6 ոսկե և 1 արծաթե մեդալ)։ Երեք անգամ եղել է բացարձակ հաղթող։ ICPC-ի կրկնակի չեմպիոն է (երրորդ անգամ մասնակցել չի թույլատրվում)։ «Նրանք ապրիլի 11-ին պետք է գան ԵՊՀ և համակարգիչների դահլիճում նախապատրաստեն համակարգիչները։ Յուրաքանչյուր թիմի տրվելու է մեկ համակարգիչ (թիմում երեք հոգի են)։ Գ․ Կորոտկևիչը և Դ․Ֆիլիպովը համակարգիչներում տեղադրելու են բացառապես օլիմպիադայի համար նախատեսված ծրագրեր։ Ապրիլի 12-ին անցկացվելու է փորձնական փուլը, իսկ հիմնական մրցույթը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-16:00: Իրենք տպելու և բաժանելու են խնդիրներ, ապա հետևելու են մրցույթի ընթացքին», - նշել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը։ «Օլիմպիական ծրագրավորման շարժման հիմնական աջակցողը Հայաստանում արդեն երկար տարիներ CodeSignal ընկերությունն է։ Մեր աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ CodeSignal-ի հիմնադիրներ Տիգրան Սլոյանը և Արամ Շատախցյանը ևս ժամանակին ակտիվորեն ներգրավվել են օլիմպիական շարժմանը՝ մասնակցելով մաթեմատիկայի և ինֆորմատիկայի օլիմպիադաների, որոնց թվում է ICPC-ն», - նշել է CodeSignal ընկերության ինժեներական տնօրեն, Հայաստանի գրասենյակի ղեկավար Էդուարդ Փիլիպոսյանը։ Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից մասնակցելու է 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, մեկական թիմեր ՀԱՀ-ից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ ICPC-ն ծրագրավորման ալգորիթմիկ մրցաշար է՝ նախատեսված ուսանողների համար։ Մրցույթի ընթացքում տարբեր համալսարաններ ներկայացնող թիմերը փորձում են լուծել իրական խնդիրներ՝ զարգացնելով այնպիսի որակներ, ինչպիսիք են համագործակցությունը, ստեղծարարությունը, նորարարությունը և ճնշման տակ աշխատելու կարողությունը: Անընդհատ վարժման և մրցումների միջոցով թիմերը մարտահրավեր են նետում միմյանց՝ հնարավորինս բարձրացնելով նշաձողը։ Այսպիսով՝ ICPC-ն աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթն է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |