Միրզոյան․ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ գերիներին և քաղանձանց

Միրզոյան․ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ գերիներին և քաղանձանց

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ավարտին իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Նա նշել է նաև, որ առանձնահատուկ կարևորության խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։

«Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը․․․Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակ։ Այս մասին են վկայում ամենաբարձր մակարդակներով պարբերական փոխադարձ այցելությունները, քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգության և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը, որի հետագա ընդլայնման և նոր ուղղությունների ուրվագծման շուրջ գործընկերոջս հետ հանգամանալից քննարկումներ ենք ունեցել»,-գրել է նա։

Միրզոյանը նշել է նաև, որ Հայաստանը մեծապես կարևորում է տարածշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ երկրների միջև համագործակցությունը:

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---