Ընդդիմությունը երթեր է սկսել Երևանի տարբեր հատվածներից․ Ցուցարարները փողոցներ են փակում

Ընդդիմությունը երթեր է սկսել Երևանի տարբեր հատվածներից․ Ցուցարարները փողոցներ են փակում

PanARMENIAN.Net - «Դիմադրություն» շարժումը և դրան միացած քաղաքացիները բողոքի եթեր են սկսել Երևանի տարբեր հատվածներից։

«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանի գլխավորած քայլերթը փակել է Պարույր Սևակ-Ռուբինյան փողոցների խաչմերուկը։ Ցուցարարները նստել են գետնին: Մեծ թվով ոստիկանները մոտեցել են խաչմերուկում նստած ցուցարարներին և ծայրահեղ բռնի ուժով փորձել են բացել ճանապարհը, բերման ենթարկել քաղաքացիներին: Ոստիկանները ուժ են գործադրել նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նրանց երթը մեկնարկել էր Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից։

Կան բերման ենթարկվածներ։

Աջափնյակ վարչական թաղամասից՝ Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթի մասնակիցները քայլում են Ֆրանսիայի հրապարակ հայրանեսիրական երգերի ու «առանց թուրքի Հայաստան», «Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ ոտքի» վանկարկումների ներքո։ Երթի մեկնարկից քիչ անց քաղաքացիներին է միացել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, գրում է Panorama.am-ը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի դուրս եկած քաղաքացիներին ողջունելու համար մարդիկ դուրս են եկել պատշգամբներ, բակեր։

Այս հատվածում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը։

Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթն առաջնորդում են ՀՀԿ-ականները։

Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երթն առաջ են տանում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Արամ Վարդևանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---