Մհեր Գրիգորյանը` ԱՊՀ նիստին․ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով

Մհեր Գրիգորյանը` ԱՊՀ նիստին․ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեսակապի միջոցով մասնակցելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, իր ելույթում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և որ հայկական կողմն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ ԼՂ հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունների խստիվ կատարմանը։

«Մի շարք չլուծված խնդիրների շարքում ամենասուրը հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո, որը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի միջնորդական ջանքերի և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման շնորհիվ։ Միայն ադրբեջանական կողմի հաստատած տվյալների համաձայն՝ 38 հայ զինվորական և քաղաքացիական անձ դեռևս գտնվում է ադրբեջանական գերության մեջ՝ հակառակ ստանձնած պարտավորություններին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է։

Ադրբեջանական կողմի հնչեցրած հինգ սկզբունքների մասով պետք է նշեմ, որ հայկական կողմն ի պատասխան հայտարարել է վեց կետ լրացնող սկզբունքներով, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հայկական կողմի մոտեցումները»,-ասել է նա:

Գրիգորյանը նաև նշել է, որ հայկական կողմը մեծապես կարևորում է տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հնարավոր համակարգված գործողությունների վերաբերյալ մտքերի փոխանակումը, մենք քաջ ծանոթ ենք շրջափակման քաղաքականության հետևանքներին։

«Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում։ Ակնհայտ է, որ ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Սահմանափակող միջոցների ներդրումն արդեն իսկ զգալիորեն ազդում է մեր տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա։ Զգացվում է նաև բացասական ազդեցություն արտահանման վրա և մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում»,-ասել է նա։

Գրիգորյանը կարևորել է նաև տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը։

Նա նշել է նաև, որ հայկական կողմը աջակցում է նաև խաղողագործության և գինեգործության հետագա զարգացման համար համագործակցության հայեցակարգի ընդունմանը, որն ուղղված է այս մրցակցային ուղղության կայուն զարգացման համար գրավիչ ներդրումային միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ԱՊՀ վարչապետերի տեսակոնֆերանսում անդրադառնալով իրավիճակին Հարավային Կովկասում, ասել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթաց չկա։ Նա հավելել է, որ տրանսպորտային կոմունիկացիների, այդ թվում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բխում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---