Սաղաթելյանը՝ ՔՊ-ին․ Եթե Ալիևից չեք վախենում` եկեք նիստի, ստորագրեք հայտարարությունը![]() 26 մայիսի 2022 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ իրենց օրակարգով։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը։ Նա ներկայացրել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստը․ «Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․ 1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ 2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։ 3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։ 4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։ 5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։ 6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։ 7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»,-ասվում է ընդդիմության պատրաստած հայտարարության նախագծի մեջ։ Սաղաթելյանն ընդգծել է, որ սրանք նվազագույն պահանջներն են, որոնցով պետք է ցանկացած իշխանություն առաջնորդվի։ Խորհրդարանական ընդդիմության համար անընդունելի կլինի որևէ փոփոխության առաջարկ, որը կխեղաթյուրի հայտարարության բովանդակությունը։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |