Վարչապետ․ SpaceX-ի տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը26 մայիսի 2022 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը: Դա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: «Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է ՀՀ-ում, ինչպես նաև տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը: Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, ՀՀ կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։ Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020-ի մարտի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման, թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այս փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին»,-ասել է Փաշինյանը։ Այս համատեքստում վարչապետը կարևորել է ևս մեկ իրադարձություն, որը սերտորեն կապված է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում քայլերի հետ։ Նա նշել է, որ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։ Փաշինյանը նշել է նաև, որ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է Փաշինյանը։
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |