ՀՀ ԱԳՆ-ն` Ալիևին․ Կոչ ենք անում ռազմատենչ հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում քննարկումները![]() 28 մայիսի 2022 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ի հայտարարություններին, կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա ձևաչափերում ընթացող քննարկումները։ Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին ՀՀ-ում ռևանշիստական ուժերի կողմից»: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը: Նշվում է, որ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ «Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից հանդես գալը ոչ այլ ինչ են, քան արհամարհանք միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ, և լրջագույն կասկածի տակ են դնում Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում վերահաստատել հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ամբողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմի շահարկումներով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ այն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների վտանգի բացառման մասին է։ Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ 1995 թվականին ստացած միջազգային մանդատը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը, շարունակում է գոյություն ունենալ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին և ակնկալում միջազգային գործընկերների միանշանակ վերաբերմունքի արտահայտումը, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի հասնել կայունության և խաղաղության Հարավային Կովկասում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |