Քերոբյանն ու այլ պաշտոնյաներ Վլադիկավկազ կմեկնեն

Քերոբյանն ու այլ պաշտոնյաներ Վլադիկավկազ կմեկնեն

PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն։ Հունիսի 10-12-ը նրանք կլինեն Վլադիկավկազում։ Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրանք ՌԴ են գործուղվում առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Ավելի վաղ Քերոբյանը ԱԺ-ում ասել էր, որ հունիսի 11-ին Լարսի անցակետում հանդիպելու է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ, որի հետ քննարկելու են Վերին Լարսի թողունակության ավելացումն արագացնելու ինչ հնարավորություններ կան:

Պատվիրակության կազմում են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և Պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Ազգալդյանը։

Որոշման մեջ նշվում է, որ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---