Համալիրում միջազգային չափանիշների խաղային մարզաձևերի մանրահատակ է տեղադրվել![]() 14 հունիսի 2022 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ: Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ: Կարեն Գիլոյանի ընդգծմամբ՝ ունենալով նմանօրինակ մարզահամերգային համալիր, դահլիճ և ենթակառուցվածքներ՝ այստեղ խաղային մարզաձևերից միջազգային բարձր կարգի մրցումներ չանցկացնելն իսկապես մեծ բացթողում էր։ «Հիմա այստեղ կարող ենք նաև խաղային ձևերի մեծ մրցումներ անցկացնել: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո արդեն զարկ կտանք խաղային ձևերին: Խաղային ձևերը զարգացնելու այլ ճանապարհ չկա: Պետք է այստեղ խաղանք, այստեղ ուժեղանանք, որպեսզի դրսում անենք այն, ինչ մեզանից սպասում է մարզասերը»,-ասել է նա: Հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Սիրիայի և ԱՄՆ-ի թիմերը: «Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը: Այսուհետ տնային հանդիպումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հավանական է անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը Երևանում անցկացնելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ևս փաստում է, որ մինչև հիմա իրենց միակ խնդիրը հենց մանրահատակի հետ էր կապված։ Հուլիսի 7-ին կայանալիք վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կարող է միևնույն խմբում հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ: «Միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում հանդիպում անցկացնել, քանի որ մենք այսպիսի դահլիճ չունեինք: Հիմա ունենք ու հանգիստ կարող ենք հյուրընկալել աշխարհի ցանկացած երկրի: Մինչ այս միակ խնդիրը կապված էր դահլիճի հետ: Հիմա այդ խնդիրը լուծված է ու մենք, վստահ եմ, պատրաստ կլինենք հասնելու ամենամեծ նպատակներին: Այժմ վերջին ճշտումներն ենք անում, քանի որ տեխնիկական որոշ հարցեր դեռ կան: ՈՒԵՖԱ-ի համապատասխան ներկայացուցիչների կհրավիրենք Հայաստան, որպեսզի գնահատեն դահլիճը: Կարծում եմ՝ ամբողջովին կհամապատասխանի պահանջվող չափանիշներին»,- ասել է Նիկողոսյանը: Քննարկվում է նաև Երևանում խաղային մյուս մարզաձևերից միջազգային մրցաշարեր անցկացնելու հարցը: Մասնավորապես, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է նախատեսվում անցկացնել 2025 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |