Սաղաթելյան. Չենք հավաքվել առաջնորդ փնտրելու

Սաղաթելյան.  Չենք հավաքվել առաջնորդ փնտրելու

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, ասուլիսում ի պատասխան այն հարցին, թե ո՞ր պահին որոշվեց, որ շարժման առաջնորդը ինքն է, ասել է, որ առաջնորդը ինքնահռչակումով կամ նշանակումով չէ՝ չեն հավաքվել առաջնորդ փնտրելու։

«Ես հիմա էլ չեմ ասում, որ ես եմ այս շարժման առաջնորդը»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Օրերս Կոմիտասի անվան պանթեոնում Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ այն ցանկալի արդյունքները, որին ձգտում են, ասել էր. «Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխանը Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»:

Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը՝ Սաղաթելյանը նշել է. «Սարգսյանը հստակ է ասել, ես էլ հստակ պատասխանեցի: Չենք հավաքվել այստեղ առաջնորդ փնտրելու, հավաքվել ենք գաղափարի ու նպատակի համար: Բոլոր նրանք, ովքեր այս հրապարակում են, կրում են այդ գաղափարը ու պատրաստ են հասցնել իր հաղթական ավարտին, այս շարժման առաջնորդն են»,- շեշտել է նա։

Անդրադառնալով մանդատներից զրկելու հարցին՝ Սաղաթելայնն ասել է․ «Էդ մանդատներն իրենց հոր տնից չեն բերել, մեզ տվել։ Էդ մանդատները տվել է մեզ մեր ժողովուրդը»։

Նա հիշեցրել է, որ անցած տարի այս օրերին 270,000 քաղաքացի «Հայաստան» դաշինքին քվե է տվել այն ծրագրի համար, որը ներկայացվել է, գրում է Panorama.am-ը։

«Այսօր ժողովրդի ու Հայաստանի կենսական շահերի օրակարգը փողոցում է։ Մեզ մանդատ տված ժողովուրդն այսօր մեզանից այդ ակնկալիքն ունի։ Այսօր փողոցի ու խորհրդարանի օրակարգերը շատ տարբեր են ու չեն հատվում։ Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով։

Օրինակ հունիսի 3-ի օրակարգը մերն էր, որից իրենք փախան։ Կլինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած շահերը, մենք կլինենք խորհրդարանում, հակառակ պարագայում չենք գնալու մասնակցելու անիմաստ օրակարգերի, գլխավոր խնդիրն այսօր փողոցում է։ Հայաստանի անվտանգության օրակարգը ձևավորվել է այստեղ, մենք այդ օրակարգի տերն ենք, մնացածը խոսակցություններ են։ Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն, կարո՞ղ են, թող անեն»,-ասել է նա։

Հունիսի 15-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ազատել են վրաններից Երևանի Ֆրանսիայի հրապարակը։ Այդ մասին հունիսի 14-ի երեկոյան հանրահավաքում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ պայքարն ավարտվում է։

Նա հայտարարել, է, որ ամեն շաբաթ այդ հրապարակում հանրահավաքներ են անցկացվելու, մոտական՝ հունիսի 18-ին։ Նա նշել է, որ կանցկացվեն նաև իրազեկման երթեր։ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, սակայն, չեն դադարեցնում վրանային ակցիան և իրենց վրանները տեղափոխել են Ազատության հրապարակ։

 Ուշագրավ
---