Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2․5 մլն դրամի բենզինի և դիզելի կտրոնների հափշտակության համար

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2․5 մլն դրամի բենզինի և դիզելի կտրոնների հափշտակության համար

PanARMENIAN.Net - Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2․5 մլն դրամի բենզինի և դիզվառելիքի կտրոնների հափշտակության համար, տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016-ի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված վառելանյութի կտրոնները։

Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն 2021-ի հունվարից մինչև 2022-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1,440,285 դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1,001,700 դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ:

Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2,441,985 դրամի գույքային վնաս։

Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---