Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ համացանցում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով

Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ համացանցում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով

PanARMENIAN.Net - Համացանցում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը։

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:

Պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահովված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:

Նշվում է, որ մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով սահմանվել է համացանցով արգելված տեղեկատվության ցանկ` ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհալային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն:

Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կողմից ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: 1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է:

Իսկ Գերմանիայում գործում է սոցցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամաք սերմանող և այլ տեղեկատվությունը: Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Սահմանված է տուգանք՝ 5-50 մլն եվրո։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---