Միրզոյանը՝ Չեխիայում․ Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք լինել խաղաղության համար

Միրզոյանը՝ Չեխիայում․ Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք լինել խաղաղության համար

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը:

Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների դրույթները պետք է պահպանվեն։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման ավարտին ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---