Հայկազ Սողոմոնյանի «Ես ողջ եմ կամ...» ցուցահանդեսը Երեւանում

PanARMENIAN.Net - Այսօր «Նարեկացի» մշակութային կենտրոնում բացվել է Հայկազ Սողոմոնյանի հետմահու երկրորդ «Ես ողջ եմ կամ...» խորագրով ցուցահանդեսը, որ նվիրված է նկարչի մահվան հինգերորդ տարելիցին:



Ցուցահանդեսում ներկայացված են Սողոմոնյանի տարբեր ոճերի աշխատանքները, քանի որ նա փորձել է իրեն գեղանկարչության տարբեր ոճերում: Ցուցահանդեսում, որը կտեւի մինչեւ ապրիլի 18-ը, այցելուները կկարողանան տեսնել «Լույսի արտացոլում», «Ցեղասպանություն», «Հին եւ նոր արվեստ», «Հայ ժողովրդի վերածնունդը», «Կարմիր սոնատներ», «Պարեր» ժողովածուների աշխատանքները:



«Մի անգամ ես տուն եկա եւ տեսա, որ ցածրահասակ մի ծերունի հիացմունքով դիտում է Հայկազի աշխատանքները, հետո եղբայրս ինձ ասաց, որ դա ինքը Երվանդ Քոչարն էր»,-ասել է նկարչի քույրը` Լյուսյա Սողոմոնյանը եւ հավելել է, որ, հետագայում Քոչարը բազմիցս է այցելել այն ժամանակ տակավին երիտասարդ Հայկազ Սողոմոնյանին: Նա նաեւ հավելել է, որ մահից առաջ Սողոմոնյանը պատվիրել էր դուրս չտանել իր աշխատանքները Հայաստանից եւ պահպանել այն տուն-թանգարանի ստեղծման համար:



Հ.Սողոմոնյանը Հովհաննես Զարդարյանի լավագույն աշակերտներից է: Նա ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի գեղանկարչության ու գծանկարի բաժինը, որից հետո իր վարպետությունը հղկել է քանդակագործ Տարիել Հակոբյանի մոտ: Կենդանության օրոք նրա աշխատանքները ցուցարդվել են երկու անհատական եւ մի քանի խմբակային ցուցահանդեսներում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---