Պայթուցիկների մասին կեղծ ահազանգերի գործը կքննի ԱԱԾ–ն

Պայթուցիկների մասին կեղծ ահազանգերի գործը կքննի ԱԱԾ–ն

PanARMENIAN.Net - Oգոստոսի 14-ին, ինչպես նաև դրանից առաջ, Երևանի տարբեր կարևոր օբյեկտներում պայթուցիկների մասին կեղծ ահազանգերի գործը կքննի ԱԱԾ–ն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Oգոստոսի 14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դատախազության հանձնարարությամբ քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացնելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:

Դատախազությունն ընդգծված հետևողականություն է դրսևորելու իր իրավասության շրջանակներում վերջին ժամանակահատվածում հաճախակիացած այս կեղծ տեղեկությունների ներքին տրամաբանական կապերի, պատճառների պարզման, քրեաիրավական համարժեք գնահատականներ տալու, այդ կեղծ տեղեկությունները տարածողներին հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունը կներկայացնի այս դեպքերով իրականացվող քրեական վարույթների արդյունքների մասին տեղեկատվություն:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---